Պատիվ ունեմ

«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ...

«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Պետա­կան հավատարմագրում ունեցող (պետական կամ մասնավոր) բուհ ընդուն­ված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմելու այդ ծրագրում ընդգրկվելու համար: Մի շարք պայմանների համապատասխանելու դեպքում (առողջական վիճակ, հրամանատարական ջիղը որոշելուն միտված հոգեբա­նական թեստավորում, ուսման ընթացքում գնահատականի նվազագույն շե­մի պահպանում) նա կարող է ընդգրկվել նշված ծրագրում` դառնալով սպա­յի կոչման հավակնող թեկնածու:

Սովորելով քաղաքացիական բուհում` այդ երիտասարդները 2-րդ կուրսի սկզբից մինչև 4-րդ կուրսի առաջին կիսամյա­կը ներառյալ` յուրաքանչյուր շաբաթ օր, Վազգեն Մարզպանի անվան ռազ­մական համալսարանում այցելում են զինվորական պատրաստության դա­սընթաց: Այդ ուսուցումը հաջող անցնելու և քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զու­գընթաց ստանում է լեյտենանտի սպայական կոչում և երեք տարի ժամկետով անցնում ծառայություն զինված ուժերում:

Ծառայությունը կազմակերպվում է քաղաքա­ցիական մասնագիտությունը հաշվի առնելով, բայց բոլոր դեպքե­րում` 1-ին կարգի զորամասերում (առաջնագիծ): Այդպիսով' բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանում է ավելի բարձր մակարդա­կում իր ծառայությունը բերել հայրենիքին, միաժամանակ անցնելով այն սպայական կարգավիճակում (ծառայության համապատասխան կենցաղա­յին պայման­ներով), մրցունակ աշխատավարձով (ամսական առնվազն 260.000 դրամ): Ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում նա նաև ստանում է լրացուցիչ ֆինանսական բոնուս' իր ուսումնառության տարինե­րի ուսման վարձի չափով: Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրա­տուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաև նրա մագիստրոսական կրթությունը:

Նախատեսվում է հատուկ պայմաններով սպայական ծառայություն առա­ջարկել աշխարհի 10 առաջատար բուհերից մեկն ավարտած, ինչպես նաև միջազգային օլիմպիադաների հաղթող ուսանողներին: Նրանց ծառայություն կառաջարկվի սպայական պաշտոններում, բայց ռազմարդյունաբերական համալիրում, որտեղ նրանք կկարողանան ավելի մեծ արդյունավետությամբ կիրառել իրենց գիտելիքները: Նրանց պարագայում կառաջարկվեն ոչ թե եռամյա, այլ հնգամյա պայմանագրեր:

Ծրագրի կարևոր արդյունքներից է նաև լուրջ սպայական պահեստազորի ձևավորումը: Մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին ան­հրաժեշտ են հմուտ և առաջնագծում ծառայություն անցած պահեստազորի սպաներ:

Այսպիսով` տարկետումը բանակից խուսափելու միջոցից վերածվում է բա­նակին առավել արդյունավետ ծառայություն բերելու միջոցի: