Տեղի է ունեցել «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը

28 Մայիսի, 2020
Մայիսի 26-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող և Միացյալ Թագավորության կառավարության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի Ղեկավար հանձնաժողովի հեռավար նիստը:

Հեռավար նիստի ընթացքում ամփոփվել է ծրագրի իրականացման մեկ տարին: Նիստին մասնակցել են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանը, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ծրագրի շահառու հանդիսացող գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ամփոփելով ծրագրի իրականացման արդյունքները՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ընդգծել է, որ այն նշանակալի ներդրում է ունեցել զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, կրթական կարողությունների զարգացման և պաշտպանական գերատեսչության ինստիտուցիոնալ բարեփոխումներին օժանդակության հարցում, կարևորել է ձեռք բերված արդյունքների պահպանումն ու ընդլայնումը՝ համագործակցության շարունակականության ապահովման միջոցով:

Ծրագրի ներդրումը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների կիրարկումն ապահովելու և զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության հարցերում կարևորել են նաև Դեյվիդ Մորանը և Նատալյա Վուտովան: Բարձր է գնահատվել ՀՀ պաշտպանության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի սերտ համագործակցությունը, որն առավել ամրապնդվել է Ծրագրի ներդրմամբ:

Ամփոփելով հեռավար նիստը, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը համակարգային բարեփոխումներ է սկսել զինծառայողների սոցիալական և առողջապահական իրավունքների պաշտպանության ոլորտում, կարևորել այս հարցում Ծրագրի շրջանակներում թիրախային օժադակություն ստանալու կարևորությունը:

Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի սույն թվականի հունիսի 1-ից` հաշվի առնելով Ծրագրի արձանագրած դրական արդյունքները և ՀՀ պաշտպանության նախարարության հաստատակամությունը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շարունակման հարցում:

 «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար գործողությունների 2019-2022թ.թ. ծրագրի շրջանակներում և ֆինասավորվում է Միացյալ Թագավորության կողմից։ Գործողությունների ծրագիրը ֆինասավորում են նաև Գերմանիան, Իռլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Շվեդիան։

  • Տարածել