ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 55-ամյակի կապակցությամբ
21 Ապրիլի, 2020 12:22Թաթուլ Կրպեյանը Արցախյան շարժման ամենավառ դեմքերից էր: ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողը առաջիններից մեկն էր, որ անդամագրվեց Արցախը Հայաստանին վերամիավորելու պահանջին, դարձավ «Միացում» կազմակերպության անդամ՝ ուսանողության գաղափարական առաջամարտիկը:
Երբ սկսվեցին սահմանային ընդհարումները, Թաթուլ Կրպեյանի պայքարը շարունակվեց զենքով: Նա ղեկավարեց Գետաշենի ենթաշրջանի զինված ինքնապաշտպանությունը:
Թաթուլ Կրպեյանը զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանելուն զուգընթաց պատմություն էր դասավանդում Գետաշենի դպրոցներում, բանաստեղծություններ գրում ու ապրում էր հզոր, արդար ու պաշտպանված Հայաստանի երազանքով:
Թաթուլ Կրպեյանը զոհվեց 1991 թվականի ապրիլի 30-ին, փլուզվող Խորհրդային Միության բանակի և Խորհրդային Ադրբեջանի ՆԳՆ կողմից իրագործված տխրահռչակ «Կոլցո» գործողության ժամանակ:
Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը հայոց գալիք սերունդներին թողեց հայրենիքի փրկության նժարին ամենաթանկը դնելու պատգամն ու ազգային միասնության մեծ խորհուրդը: Հերոս-մտավորականի նրա առինքնող կերպարը ոգեշնչելու և արիացնելու է հայոց բազում սերունդների: