Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը

8 Ապրիլի, 2020
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ համագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցելու, ինչպես նաև հայ գործընկերներին այդ ոլորտում իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու նպատակով:

Նշված աշխատանքներն իրականացնելու նպատակով ռուսական կողմը ՀՀ զինված ուժերին է տրամադրել COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորություն ունեցող շարժական լաբորատորիա, ինչպես նաև նմուշառման համակարգ, որոնք հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները:

Հետազոտություններն առավելապես կիրականացվեն թիրախային խմբերում, լուրջ աջակցություն կլինեն կանխարգելիչ լայնածավալ միջոցառումների կազմակերպմանը և  զգալիորեն կբարձրացնեն հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը:

  • Տարածել