ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղերձը Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ

5 Մարտի, 2020 12:22
«Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է» մտքի հեղինակին իզուր չէ որ ժողովուրդը Սպարապետ կոչեց և դասեց ազգային հերոսների շարքին:
Ամեն տարի Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ևս մեկ անգամ արժևորում ենք նրա դերը մեր պետականության կայացման գործում, հիշում նրա սխրանքը՝ որպես հայ, որպես ազգային և քաղաքական գործիչ:

Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը վստահ էր, որ յուրաքանչյուր ժողովուրդ պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչև վերջ տա: Ցավոք, նրա պայքարը, ճախրանքը ժամանակից շուտ ավարտվեց, բայց մենք այսօր էլ շարունակում ենք քայլել առաջ, կառուցել ավելի ու ավելի ուժեղ բանակ, հզոր պետություն՝ մեր առջև ունենալով նաև Վազգեն Սարգսյանի տեսլականը:

Վազգեն Սարգսյանն իր տեսակով մտավորական էր, պայծառ մտքի տեր մարդ, ով միևնույն ժամանակ գործով էր ապացուցում իր ճշմարտացիությունը, հայրենասիրություն էր սերմանում անձնական օրինակով: Վստահաբար կարող ենք ասել, որ մի քանի սերունդ դաստիարակվել է՝ հենց նրա կերպարն ունենալով իր մտքում:

«Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից»: Սպարապե´տ, այս պատգամդ միշտ մեր մտքում է, և ամեն օր ենք աշխատում մեր երկրի հիմքը՝ խրամատը, անխոցելի դարձնելու ուղղությամբ:

Սիրելի´ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ: Փառք քեզ, մեծ հայ:

  • Տարածել