ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացին

10 Փետրվարի, 2020 18:31
Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարը ներկա է եղել ՀՀ ՊՆ և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի նախաձեռնած «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացին:

Դավիթ Տոնոյանը հետևել է դասընթացի կազմակերպմանը, առանցքային հարցերի շուրջ զրուցել է դասավանդող կազմի հետ, պատասխանել դասընթացի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։  

Նախապատրաստական դասընթացի միջոցով նախազորակոչային տարիքի երիտասարդներին գիտելիքներ կփոխանցվեն տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որոնց շնորհիվ զինակոչիկներն առավել պատրաստված կլինեն նորաստեղծ «1991 ստորաբաժանումում» ծառայության անցնելու համար։

«1991 ստորաբաժանման» կազմավորման նպատակն է ՀՀ զինված ուժերի տեխնոլոգիական գերակայության, զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման և մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունների ապահովումը: 

ՀՀ զինված ուժերում նոր հատուկ միավորի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ:

  • Տարածել