ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

7 Փետրվարի, 2020
Փետրվարի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ եզրակացություն կայացնող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է հանձնաժողովի գործունեության վերսկսման կարևորությունը և ներկայացրել հանձնաժողովի նոր կազմը: Դավիթ Տոնոյանը վստահություն է հայտնել, որ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների համադրված և արագ աշխատանքի շնորհիվ մանրամասն ու օբյեկտիվորեն քննության կառնվեն հանձնաժողովին ներկայացված բոլոր դիմումները:

Նիստի ընթացքում ներկայացվել են մինչ օրս կատարված աշխատանքները, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած անձանց (այդ թվում` հետմահու)  վիճակագրությունը և սահմանված կարգին չհամապատասխանող դիմումների մերժման հիմքերը: Քննարկվել են հայրենիքի պաշտպանության մարտերի մասնակիցներին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգով սահմանված մի շարք դրույթներ, ՀՀ կառավարության որոշմամբ կազմավորված միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգող իրավական հիմքերը և առկա խնդրահարույց հարցերը:

  • Տարածել