ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությանը հանձնված «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության եվ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առեվտրային կազմակերպության մարմնի (տնօրենի) ընտրության (նշանակման) մրցույթ անցկացնելու մասին

7 Հոկտեմբերի, 2019 09:46
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) գործադիր մարմնի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անձի ընտրության (նշանակման) մրցույթ:

Մրցույթը կանցկացվի 2019 թվականի նոյեմբերի 12 -ին, ժամը 11:00-ին, ք. Երևան, Բագրևանդի 5 հասցեում գտնվող ՀՀ ՊՆ վարչական համալիրի շենքում` Նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչությունում:

ՀՀ օրենսդրությամբ Կազմակերպության գործադիր մարմնի (տնօրենի) պաշտոն կարող է զբաղեցնել այն գործունակ չափահաս ՀՀ քաղաքացին, ով տիրապետում է գրական հայերենին, ունի պատմություն և հնագիտություն կամ բանասիրական գիտություններ և մշակութաբանություն մասնագիտություններով բարձրագույն կրթություն՝ դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորմամբ, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն, ձեռնարկատիրության կամ հանրային ծառայության առնվազն երեք կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական, ՀՀ աշխատանքային, ՀՀ հարկային օրենսգրքերի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքների և իր պարտականությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի, այդ թվում՝ ժամանա­կակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթին մասնակցելու համար դիմորդը մինչև 2019 թվականի հոկտեմբերի 17-ը ներառյալ Նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչություն պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում (անհրաժեշտ է նշել ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման հավելված N 1-ի 8-րդ կետում նշված պայմանները),

2) մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,

3)  քաղվածք` աշխատանքային գրքույկից (աշխատանքային գրքույկի պատճենը),

4) ինքնակենսագրություն,

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները,

6) կադրերի հաշվառման թերթիկ (լրացված),

7) տեղեկանք` մշտական բնակության վայրից,

8) հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (քաղաքացու ցանկությամբ, դրա առկայության դեպքում),

9) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը լուծարված չէ):

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև մրցույթի այլ մանրամասներին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել Նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչություն կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +374 10-29-46-39:

Հասցե` ք. Երևան, Բագրևանդի 5:

Վեբկայք` mil.am:

  • Տարածել