Անցկացվել են «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ մրցափուլերը

12 Օգոստոսի, 2019 17:47
«Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում անցկացվել են եզրափակիչ երկու մրցաձևերը:

Օգոստոսի 10-ին գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևում մասնակիցները ներկայացել են ազգային տարազներով, երաժշտական ու պարային տարբեր կատարումներով: Նրանց ելույթները գնահատել է նաև մշակույթի գործիչներից կազմված հեղինակավոր ժյուրին:

Ժյուրիի որոշմամբ «Տեր և տիկին» մրցաձևում հաղթող է  ճանաչվել Հայաստանի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի, երրորդը՝ Հունաստանի թիմը:

Որպես գրական-գեղարվեստական մրցաձևի շարունակություն՝ բոլոր թիմերը բացազատել են ազգային տաղավարներ, որտեղ ներկայացվել են մշակութային տարբեր ցուցանմուշներ, տվյալ երկրի խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ:

Օգոստոսի 11-ին անցկացվել է մրցույթի կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևը: Մասնակիցները երեք դիրքից խոցել են 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվել է հինգական փամփուշտ:

Հրաձգության ընթացքում առավել դիպուկ են եղել Ռուսաստանի Դաշնության զինվորականները, երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության, երրորդը՝ Բելառուսի թիմի զինծառայողներն էին:

Բոլոր հինգ մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովը կհայտարարի ընդհանուր հաշվարկով հաղթող թիմերի, ինչպես նաև առանձին մրցաձևերում լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողների անունները: Մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 13-ին:

  • Տարածել