ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների ասոցիացիայի նիստին

29 Ապրիլի, 2019 18:15
Ապրիլի 25-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների ասոցիացիայի նիստը, որին մասնակցել են ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը և ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի ուսումնական և գիտական աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Դ. Ալեքսանյանը:

Նիստի շրջանակներում քննարկվել են ասոցիացիայի գործունեության և համատեղ աշխատանքների կազմակերպման առաջնային ուղղությունները: Առաջարկվել է ասոցիացիայի հիմնական գործունեությունն ուղղել ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների միջև շփումների զարգացմանը՝ փորձի փոխանակմանը, ռազմական կադրերի պատրաստման կատարելագործման և ուսումնական գործընթացում առաջատար տեխնոլոգիաների ներդրման նպատակով: Ասոցիացիայի աշխատանքներում, նիստերից բացի, առաջարկվել է կիրառել նաև կոնֆերանսների, կլոր սեղանների, սեմինարների կազմակերպման և համագործակցության այլ ձևաչափեր:

ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների ասոցիացիայի նիստի մասնակիցները ներկայացրել են ազգային ռազմաուսումնական հաստատություններում կադրերի պատրաստման իրենց փորձը և հանդես եկել փոխշահավետ համագործակցության զարգացման առաջարկություններով:

  • Տարածել