Մամուլի հաղորդագրություն

26 Փետրվարի, 2019 19:38
Փետրվարի 26-ի վաղ առավոտյան ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ, որի ընթացքում ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:

Ստանալով համապատասխան ազդանշանը` ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները ժամանակին սահմանված կարգով և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր:

Ուսումնական պարապմունքի նպատակն էր ստուգել զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների մարտական և զորահավաքային պատրաստականության աստիճանը, նրանց ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական գիտելիքների իմացության, դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողության աստիճանը:

Ողջունելով անձնակազմին ՊՆ վարչական համալիրի շարահրապարակում` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը կարևորել է զինված ուժերում մարտավարաշարային պարապմունքների անցկացման շարունակականությունը և հորդորել է չթուլացնել զգոնության աստիճանը` անհրաժեշտության դեպքում ծառայողական գործառույթները ժամանակին և օպերատիվորեն կատարելու համար:

  • Տարածել