Մեկնարկել է զորակոչը

8 Հունվարի, 2019
Հունվարի 8-ին մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը, որի շրջանակում իրականացվող աշխատանքները և գործընթացում ներգրավված ստորաբաժանումների պատրաստությունը տեղում ստուգելու նպատակով ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Շրջելով զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, բուժզննման, հանդերձավորման սենյակներում և վիճակահանության սրահում` գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել զորակոչի անցկացման պատասխանատուներին:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հավաստիացրել է, որ, ինչպես նախորդ զորակոչերի ընթացքում, այնպես էլ ընթացիկ զորակոչի ժամանակ խիստ ուշադրություն է ցուցաբերվելու զորակոչիկների առողջությանը, ինչպես նաև, հաշվի առնելով եղանակային պայմանները, զորամասեր տեղափոխելու անվտանգության կանոնների պահպանմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով, որն ուսումնասիրելու է ներկայացված դիմումներն ու բողոքները, անհրաժեշտության դեպքում` միջնորդություններ է ուղարկելու ԶՈՒ համապատասխան օղակներ, ինչպես  նաև կազմակերպելու է զինակոչիկների առողջական վիճակի կրկնակի հետազոտությունները։

Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:

  • Տարածել