Ամանորյա այց առաջնագիծ

1 Հունվարի, 2019
Դեկտեմբերի 31-ին Արցախ ժամանած ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ եղել է ՊԲ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերում և առաջնային գծում:

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները Արցախի հարավային սահմանահատվածում մասնակցել են «Սահմանապահ խաչքարի» բացման հանդիսավոր արարողությանը, այնուհետև եղել մարտական հենակետերում:

Դիրքապահ անձնակազմի հետ ունեցած շփումների ընթացքում Դավիթ Տոնոյանը, Կարեն Աբրահամյանը, նրանց ուղեկցող բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական պաշտոնյանները ջերմորեն շնորհավորել են մարտական հերթապահություն կրող զինծառայողների Նոր տարին, հանձնելով ամանորյա նվերներ, ծանոթացել են օպերատիվ-մարտավարական իրավիճակին:

Հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն եղել են նաև ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում, այդ թվում՝ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում, որտեղ հանդիպել են բուժման մեջ գտնվող զինվորներին և վերջիններիս մաղթել արագ և լիարժեք ապաքինում:

  • Տարածել