Նորակոչիկները կներգրավվեն պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և կիրառման գործընթացին
25 Դեկտեմբերի, 2018 15:29Մրցույթի երկրորդ փուլին դեկտեմբերի 25-ին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է մրցութային հանձնաժողովի անդամների և ոլորտի մասնագետների հետ, ծանոթացել մրցույթին մասնակցող զորակոչիկների կարողություններին և դրանք զինված ուժերում կիրառելու հնարավորությունների վերաբերյալ դիտարկումներին:
Մրցույթին մասնակցում են ձմեռային զորակոչի ենթակա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները: Անհատական զրույցների ու առաջադրանքների միջոցով մասնագիտական փորձառու հանձնաժողովն ընտրում է լավագույններին, ովքեր ժամկետային զինվորական ծառայությունը կանցկացնեն համապատասխան ստորաբաժանումներում` ըստ իրենց մասնագիտական կարողությունների և հմտությունների ներգրավվելով պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման գործընթացին։