Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

4 Դեկտեմբերի, 2018 18:10
Դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարետ Ֆարնուորթին և Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Միացյալ Թագավորության հովանավորությամբ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ընթացքն ու զարգացման հեռանկարները:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը դրական է գնահատել կատարված աշխատանքը և հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի: Դավիթ Տոնոյանը նշել է, որ անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ծրագրերի կատարելագործման և մեթոդաբանության ամրապնդման հարցերի վրա, ինչպես նաև հիմք ընդունելով «համազգեստով քաղաքացի» հայեցակարգը՝ քայլեր ձեռնարկել զինծառայողների քաղաքական իրավունքների իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Կարևորվել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնին փորձագիտական օժանդակության տրամադրումը, այդ թվում նաև՝ պաշտպանական ոլորտը կանոնակարգող օրենսդրական նախաձեռնությունների սոցիալական ազդեցության գնահատման կարողությունների զարգացման մասով:

  • Տարածել