Դավիթ Տոնոյանն այցելել է Մազարի Շարիֆ քաղաքում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին
21 Նոյեմբերի, 2018 16:45Պատվիրակությանը դիմավորել է Քեմփ Մարմալ ռազմաբազայի հյուսիսային զորախմբի հրամանատար, գերմանական բանակի գեներալ Գերհարդ Կլաֆֆուսը։
Նոյեմբերի 21-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Քեմփ Մարմալ ռազմաբազայի հրամանատարության հետ։ Հրամանատարության շտաբում գեներալ Գերհարդ Կլաֆֆուսը Դավիթ Տոնոյանին ներկայացրել է հյուսիսային հրամանատարության պատասխանատվության գոտում իրականացվող ծառայության առանձնահատկությունները և խնդիրները, տարածաշրջանային իրավիճակը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև և ռազմաքաղաքական հարցերի լայն շրջանակ։
Հայկական զորախմբի հրամանատարության ուղեկցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այցելել է հայ խաղաղապահների ծառայության ու մարտական հերթապահության վայրեր, ծանոթացել մարտական հերթապահության կրման պայմաններին։
Խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայ զինծառայողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը անձնակազմին է ներկայացրել ՀՀ ներքաղաքական գործընթացները և զինված ուժերի բարեփոխումների ընթացքը, միջազգային համագործակցության կարևորությունը և այդ համատեքստում խաղաղապահ առաքելությունների նշանակությունը։ Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև խաղաղապահ զինծառայողների բարձրացրած հարցերին, շնորհակալություն հայտնել նրանց բարեխիղճ ծառայության համար։