ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

16 Հոկտեմբերի, 2018 16:37
Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևային և ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Բարձր գնահատելով  համագործակցության ներկայիս մակարդակը և նշելով, որ Բուլղարիան պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցող առաջին եվրոպական երկրներից է, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է համագործակցության զարգացման հնարավորությունները մի շարք ոլորտներում, հատկապես` ռազմական ոստիկանության, ռազմական կրթության, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում փորձի փոխանակումը:

Տիկին դեսպանը արտահայտել է համագործակցության զարգացման բուլղարական կողմի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ դրա արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը, ինչպես նաև պաշտպանության նախարարների և զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի փոխադարձ այցելությունները և կարծիքների փոխանակումը երկկողմ ու բազմակողմ համագործակցության և միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

  • Տարածել