Հայաստանում ընթանում է «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթը

1 Օգոստոսի, 2018 16:57
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում շարունակվում է հուլիսի 28-ին մեկնարկած «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթը: Մասնակից պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչներն արդեն չափել են ուժերը երեք մրցաձևերում՝ ռազմամարզական «Ատլետ», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» և ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» անվանակարգերում:

Մրցավարական կոլեգիան մրցույթի արդյունքներն ամփոփելու է բոլոր հինգ մրցաձևերում մրցելույթների ավարտից հետո՝ օգոստոսի 3-ին: Մրցավարները կհայտարարեն ինչպես ընդհանուր հաշվարկով, այնպես էլ առանձին մրցաձևերում լավագույն արդյունքներ գրանցած թիմերի ու լավագույն մարզիկ-զինծառայողների անունները:

«Ընկերակցության մարտիկ» միջազգային ռազմամարզական մրցույթի ծրագիրը հագեցած է նաև մշակութային ծրագրերով, այցելություններով պատմամշակութային և տեսարժան վայրեր:

Մարզիկ-զինծառայողներն արդեն եղել են ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, ծանոթացել Մեծ հայրենականի ուշագրավ դրվագներին ու հաղթանակներին, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին, այցելել են Մատենադարան, որտեղ նրանց ներկայացվել է հայ մատենագրության նյութական ժառանգությունը:

Մրցույթի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

  • Տարածել