Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

29 Մարտի, 2018
Մարտի 29-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է երկու պետությունների պաշտպանության նախարարների առանձնազրույցը և պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Հանդիպումների արդյունքներն ամփոփվել են համատեղ մամուլի ասուլիսում:

Այցի շրջանակում Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարարի հետ: Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հունական պատվիրակությունը մարտի 29-ի առավոտյան այցելել է «Արմհայթեք-2018» ցուցահանդես։ Նախատեսվում է նաև պարոն Կամմենոսի այցը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Մարտի 30-ին Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը հարգանքի տուրք կմատուցի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Ի դեպ, Պանայոտիս Կամմենոսը օտարերկրյա առաջին պաշտպանության նախարարն է, ով Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում այցելելու է Եռաբլուր պանթեոն:

*******

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ

Մեծարգո նախարար Կամմենոս, հարգելի գործընկերներ, պատվիրակությունների հարգարժան անդամներ:

Կրկին ողջունում եմ իմ լավ ընկերոջը՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսին և իր գլխավորած պատվիրակությանը բարեկամ Հայաստանի Հանրապետությունում:

Պարոն Կամմենոսի պաշտոնական այցը Հայաստան լավ առիթ է 2016թ. դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած քննարկումների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքներն ամփոփելու և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու համար: Այս այցը լավ առիթ է նաև ծանոթանալու ռազմական արդյունաբերության բնագավառում Հայաստանի ձեռքբերումներին ԱրմՀայՏեք ցուցահանդեսի շրջանակներում:

Պետք է գոհունակություն հայտնեմ և ասեմ, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2016 թվականին Աթենքում, լիարժեք կատարվում են, ամեն տարի մենք ընդլայնում ենք ռազմական փոխգործակցության ծրագիրը, և բոլոր միջոցառումները, որոնք նախանշված են, լիարժեք կատարվելով հնարավորություն են տալիս ամրապնդել փայլուն ավանդույթները, որ գոյություն ունեն մեր երկրների միջև փոխգործակցության առումով:

Մեր հանդիպումների ընթացքում մենք ևս մեկ անգամ փաստեցինք երկու բարեկամ պետությունների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և վերահաստատեցինք միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումները: Անդրադարձանք մեր պետությունների հարևանությամբ ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին և համատեղ քայլեր ձեռնարկելու հնարավորություններին:

Օգտվելով առիթից, ես իմ գործընկերոջը ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ իրադրությունը հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում: Մենք ևս մեկ անգամ ընդգծեցինք հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու մեր դիրքորոշումը, և ես շնորհակալ եմ նախարար Կամմենոսին մանրակրկիտ տեղեկության համար, որ ինքն ունի հակամարտության մասին, և այն պատրաստակամության համար, որ նա հայտնեց մեր փոխգործակցությունը շարունակելու համար և հնարավորինս հեշտացնելու բանակցություններում, խաղաղ գործընթացում ընդունելի լուծումներ գտնելու հարցը:

Ուզում եմ նշել, որ մենք փոխգործակցության հարուստ ավանդույթներ ունենք, մեր զինված ուժերի մոտ 170 սպա իրենց ուսումը ստացել են Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում և այսօր զինված ուժերում զբաղեցնում են տարբեր բարձր պաշտոններ` իրենց ծառայությունը բերելով մեր երկրի անվտանգության ապահովմանը, մեր սահմանների պաշտպանությանը, և բնական կամուրջ են հանդիսանում մեր երկրների և զինված ուժերի միջև:

Քննարկեցինք նաև մեր հարևանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների խնդիրը և երկուստեք անթույլատրելի համարեցինք այդ պետության կողմից նախապայմանների կամ սպառնալիքների լեզվով խոսելու քաղաքականությունը: Այդ համատեքստում ես պարոն Կամմենոսին տեղեկացրեցի 2009թ. ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու պատճառների մասին:

Առիթն օգտագործելով ուզում եմ հայտնել նաև իմ սատարումը նախարար Կամմենոսին այն մոտեցումների համար, որ նա արտահայտել է Թուրքիայի կողմից այժմ պահվող երկու զինծառայողներին օր առաջ ազատ արձակելու հարցի շուրջ: Հատկապես Սուրբ Հարության օրվան ընդառաջ կարծում եմ, որ պետք է բարի կամքի դրսևորում լինի և բոլոր հարաբերություններում պետք է գերիշխի փոխադարձ հարգանքի և միմյանց նկատմամբ ավելի ճկուն մոտեցումների կարողությունը: Մենք մեր սատարումն ենք հայտնում Հունական կողմին այս խնդրում:

Պարոն Կամմենոսի հետ քննարկեցինք նաև պաշտպանության բնագավառում համագործակցության առկա վիճակն ու ընդլայնման հնարավորությունները: Գոհունակությամբ փաստեցինք, որ ամենամյա երկկողմ համագործակցության ծրագրերը ոչ միայն տարեցտարի ընդլայնվում են, այլև իրականացվում են մեծ արդյունավետությամբ: Ես իմ երախտագիտությունը հայտնեցի մեր գործընկերներին՝ տասնամյակներ շարունակ Հայաստանի զինված ուժերին տրամադրվող համակողմանի ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական օժանդակության համար:

Ընդհանուր առմամբ, համագործակցությունը պաշտպանության բնագավառում ներառում է ամբողջ ուսումնական, վարժական և կրթական ներուժը, որն առկա է երկու երկրների զինված ուժերում, բարձր ենք գնահատում նաև խորհրդատվության փոխանակումը զինված ուժերի զարգացման տարբեր հարցերի շուրջ: Համագործակցության հիմնական ուղղություններն են ռազմական բժշկությունը, հատուկ նշանակության ուժերի պատրաստությունը, անձնակազմի կառավարման համակարգի շուրջ փորձի փոխանակումը, որպես նոր ոլորտներ նշվեցին կիբեռանվտանգությունն ու ռազմաօդային ուժերի զորավարժությունների պլանավորման և իրականացման փորձի փոխանակումը:

Համագործակցությունն ունի նաև ռազմատեխնիկական բաղադրիչ, որը զարգացման և փոխշահավետ նախագծերի իրականացման մեծ հեռանկար ունի: Վստահ եմ, որ պարոն Կամմենոսի այցը ԱրմՀայՏեք ցուցահանդես և ծանոթացումը հայկական ռազմարդյունաբերական համալիրի հնարավորություններին նոր խթան կհաղորդի այս բնագավառում համագործակցությանը:

Վերջում, կրկին ողջունում եմ Ձեզ, պարոն Կամմենոս և մաղթում արդյունավետ աշխատանք այցի ընթացքում: Շնորհակալություն:

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը համատեղ ասուլիսի ընթացքումպատասխանել է հայաստանյան լրատվամիջոցների հարցերին.

Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն. Պարոն նախարարվերջերս Թուրքիայի ագրեսիվ հայտարարությանը՝Մեծ Թուրքիա ստեղծելու մասինթեեթե պետք լինի մենք կտանք մեր կյանքըեթե պետք լինի մենք կխլենք ուրիշներիկյանքըև երկու հույն զինվորների շարունակվող կալանքի մասինդուք բավական կոշտ արձագանքեցիքԿխնդրեի Ձերդիրքորոշումը ևինչ եք կարծումՀայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա ի՞նչ ազդեցություն կունենան այսհայտարարությունները:

Պատասխան. Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան դառնա եվրոպական պետություն` հարգի միջազգային իրավունքը, մարդու իրավունքները: Մեր ցանկությունն է տեսնել եվրոպական արժեքներ որդեգրած Թուրքիա, բայց ես վախենում եմ, որ Թուրքիայի վերջին նախագահը` Էրդողանը, և այն որոշումը` մոտենալ իրենց վաղեմի երազանքին, այն է` Օսմանյան կայսրությանը` դա Թուրքիային ավելի է հեռացնում Եվրոպայից, միջազգային իրավունքից, մարդու իրավունքներից:

Մենք կշարունակենք անել լավագույնը, որպեսզի բացատրենք Թուրքիային, որ մենք խաղաղություն ենք ցանկանում, բայց մենք պետք է հիշեցնենք Թուրքիային իրենց պատմության շատ դրվագները և հատկապես իրենց պատմության այն դրվագները, որոնք վերաբերում է Օսմանյան կայսրության որոշումներին, օրինակ` Հունաստանին:

«Զինուժ Մեդիա». Պարոն նախարարհարցը վերաբերում է հայ-հունական ռազմատեխնիկական համագործակցությանըԵթե կարելի էմի փոքր մանրամասնի՞նչ ծրագրերզարգացումներ ակնկալել:

Պատասխան. Այսօր մենք այցելեցինք Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդես և այնտեղ հանդիպեցինք բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչների հետ: Վաղը առավոտյան պաշտպանական բնագավառի հայկական ընկերությունների ներկայացուցիչները կhանդիպեն հունական ընկերությունների հետ: Այդ հանդիպումը նշանակում է, որ երկու պետություններն իրենց դռները կբացեն պաշտպանական բնագավառի շուկաների համար: Դա նշանակում է, որ եթե մենք ունենանք արտադրանք, որը հնարավոր կլինի կիրառել Հունաստանի զինված ուժերում, այդ արտադրանքը կարող է ԵՄ վկայագիր ստանալ: Դա նշանակում է, որ դռները բացվում են նաև այլ շուկաների համար: Նույն գործողությունը կարող է կատարվել Հայաստանում, որը կարող է այլ ճանապարհներ բացել: Մենք պետք է հաղթենք միասին, մենք շատ գումար ենք ներդրել մեր երկրների պաշտպանական արտադրության վրա, այժմ պետք է համագործակցենք, միասին արտադրենք:

  • Տարածել