Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվում է միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը

26 Մարտի, 2018 12:50
Մարտի 26-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների կուրսանտների ներգրավմամբ անցկացվող միջազգային օլիմպիադայի օտար լեզվի եզրափակիչ փուլը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ելենա Կնյազևան, բարձրաստճան սպաներ, հյուրեր:

Շնորհավորելով օլիմպիադայի եզրափակիչ փուլի մեկնարկի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը մասնակիցներին մաղթել է հաջողություն և հաղթանակ՝ վստահություն հայտնելով, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվող նմանօրինակ միջոցառումը ոչ միայն լավագույն հարթակ կծառայի առողջ մրցակցային մթնոլորտում ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների լավագույն կուրսանտներին ի հայտ բերելու, այլև կնպաստի փորձի փոխանակմանը, Հայաստանի պատմամշակութային վայրերին ծանոթանալուն, ինչպես նաև միջմշակութային հաղորդակցությանը և նոր ընկերների ձեռքբերմանը:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ուզբեկստանի ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներից կազմված թիմերը: Հայաստանը ներկայացնում են ՊՆ Վազգեն Սարգսյանի ռազմական և ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտները:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլի անհատական և խմբային առաջադրանքների արդյունքների հիման վրա ժյուրիի կողմից կընտրվեն և կխրախուսվեն լավագույնները:

  • Տարածել