ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Դիտակետ» ծրագրին մասնակցած երիտասարդների հետ

3 Փետրվարի, 2018
Փետրվարի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը 2017 թվականի ամռանը զորացրված զինծառայողների հետ, ովքեր մասնակցել են պաշտպանության նախարարության նախաձեռնած «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հարցմանը:

Շնորհակալություն հայտնելով զորացրված տղաներին սահմանադրական պարտքը պատվով կատարելու և սոցիոլոգիական հարցմանը ակտիվորեն մասնակցելու համար՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ ստացված արդյունքները չափազանց կարևոր ուղենիշ են բարձրաձայնված խնդիրներին արագ արձագանքելու, ԶՈւ նկատմամբ հանրային ընկալումները ճիշտ գնահատելու, համապատասխան որոշումներ կայացնելու և, ըստ այդմ, պաշտպանական քաղաքականության գերակա ուղղությունները պլանավորելու համար:

Հանդիպման ընթացքում սոցիոլոգիական հետազոտության արդյունքները ներկայացվել են զինծառայողներին, ովքեր նաև տեղում կարծիք են հայտնել զինծառայության պայմանների, զորամասային օղակում իրենց կողմից նկատված խնդրահարույց հարցերի և «Դիտակետ» ծրագրի արդյունքների մասին։

Հետազոտության արդյունքում դուրս է բերվել տվյալների ծավալուն բազա՝ շուրջ 560 հարց և ենթահարց, ինչպես նաև՝ դրանց համադրությունների արդյունքում ստացված տվյալներ, որոնք վերաբերում են բանակային կյանքի բոլոր ուղղություններին՝ նյութատնտեսական, առողջական հարցերից, կրթության ու ժամանցի կազմակերպումից մինչև կենցաղային պայմաններ ու ոչ կանոնադրային հարաբերություններ։

Անդրադառնալով հարցման մեթոդաբանությանը՝ «Բրեվիս» ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Գրիգորյանը նշել է, որ հետազոտության տվյալները որոշակի պատկեր են տալիս առհասարակ զինվորական ծառայության նկատմամբ զորացրվածների վերաբերմունքի մասին։ Ընդ որում, այդ հարցում որոշակի օրինաչափություն է նկատվում, համաձայն որի զինվորական ծառայության մասին համեմատաբար բացասական կարծիք ունեն առավել բարձր կրթական մակարդակ ունեցող զինծառայողները, ինչպես նաև ավելի ցածր սոցիալական բարեկեցության մակարդակում գտնվող երիտասարդները: «Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանն էլ հավելել է, որ զորացրված տղաների գոհունակության համեմատաբար բարձր աստիճան է գրանցվել հատկապես սննդի և համազգեստի որակից։

Ընդհանուր առմամբ, հետազոտությունը ցույց է տվել, որ զինծառայությունից առաջ առկա են որոշակի կարծրատիպային պատկերացումներ, որոնք զգալիորեն փոխվում են զինծառայության ընթացում։ Այն զորակոչիկները, ովքեր առավելապես տեղեկացված են եղել իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև հնարավորինս հստակ պատկերացրել են բանակային կյանքի առանձնահատկությունները, առավել դրական են տրամադրված եղել ծառայությանը։

ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին՝ առաջարկելով բաց և անկաշկանդ մթնոլորտում ներկայացնել զինված ուժերի գործունեությանը վերաբերող իրենց մտահոգությունները, հուզող հարցերը և առաջարկները:

Նախարար Վիգեն Սարգսյանը խոսել է նաև բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի հիմնական ուղղությունների, զինուժի մարտունակության ամրապնդման ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, հասարակության շրջանում հատկապես լայն քննարկման առարկա դարձած բանակային ծառայությունը ուսումնական տարկետման հետ շաղկապելու հարցերի շուրջ, ներկայացրել կենսական նշանակություն ունեցող այն նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալու որակական նոր առաջընթաց ապահովել զինված ուժերում:

  • Տարածել