ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ

26 Սեպտեմբերի, 2017 17:03
Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ։

Շնորհակալություն հայտնելով ակտիվ աշխատանքի համար՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կյանքի կոչվող «Դիտակետ» ծրագիրը զորացրված զինծառայողների և պաշտպանության նախարարության միջև հետադարձ կապի կարևորագույն օղակ է, որն օգնելու է վեր հանել զինվորական ծառայությանն առնչվող խնդիրները՝ հնարավորություն տալով նախանշել դրանց լուծման արդյունավետ ուղիները։

«Չափազանց կարևոր է, որ մեր քաղաքացիները վստահ լինեն, որ պաշտպանության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում խնդիրները, որոնց իրենք հանդիպում են ծառայության ընթացքում, և զգան, որ հնարավորություն ունեն մեզ հետ հետադարձ կապով տալ գնահատական իրենց անցած ուղու»,- նշել է Վիգեն Սարգսյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է գործընթացի մասին հավաստի տեղեկատվություն տարածելու կարևորությունը՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար։

«Այս ծրագիրը որևէ կապ չունի մոբիլիզացիոն գործունեության կամ լրացուցիչ ծառայության հեռանկարների հետ։ Սա ընդամենը հարցում է, որը միտված է ծառայություն անցած տղաների կարծիքն ամբողջականացնելուն, լիարժեք կարծիք ձևավորելուն, առկա կարծրատիպերի դեմ պայքարելուն, եղած խնդիրները շտկելուն։ Այսինքն՝ որևէ այլ նպատակ այս ծրագիրը չի հետապնդում։ Եվս մեկ անգամ պետք է ասեմ, որ իսպառ բացառված է հնարավորությունը որևէ մեկի պատասխաններն անձի հետ կապելու։ Հետևաբար, ուղղակի առիթն օգտագործելով, պետք է խնդրեմ մեր զորացրված զինծառայողներին լինել հնարավորինս փոխգործակցող այս ծրագրի հետ և տալ լիարժեք տեղեկատվություն՝ առկա խնդիրները բացահայտելու, լուծումներ փնտրելու համար,-նշել է Վիգեն Սարգսյանը։

Հանդիպման ընթացքում «Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է ծրագրի ընթացքի հետ կապված մանրամասներն ու նախնական դիտարկումները և վստահեցրել, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։

Հանդիպման մասնակիցները հարցեր են ուղղել պաշտպանության նախարարին և ներկայացրել իրենց առաջարկները՝ կապված «Դիտակետ» ծրագրի հետ։ Վիգեն Սարգսյանը, հանդիպմանը ներկա և ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավված զորացրված երկու երիտասարդներին խնդրել է ներկայացնել իրենց կարծիքը «Դիտակետի» վերաբերյալ, ինչին ի պատասխան նախկին զինծառայողները համոզմունք են հայտնել, որ ծրագիրը ևս մեկ, հրաշալի հնարավորություն է՝ զինվորական ծառայությանն առնչվող խնդիրները վեր հանելու համար։

Հանդիպման ավարտին Վիգեն Սարգսյանը հաջողություն է մաղթել «Դիտակետի» անձնակազմին և պայմանավորվել ևս մեկ անգամ հանդիպել ծրագրի ավարտին։

  • Տարածել