ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

1. Ի՞նչ արտոնություններ ունեն բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողները։

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4.1-ին մասի 7-րդ կետի պահանջների համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին՝ առնվազն 30 տոկոսով: Նշված նորմի համաձայն խոսքը վերաբերում է բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին (անկախ կազմակերպաիրավական վիճակից), նաև մասնավոր ԲՈՒՀ-երին: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ սահմանվում է զեղչի կիրառման երկու եղանակ, այն է՝ մի դեպքում զեղչի իրավունք ստացածների ընդհանուր քանակը ԲՈՒՀ-ի որոշմամբ կարող է չգերազանցել ԲՈՒՀ-ի վճարովի համակարգում սովորող ուսանողական համակարգի առնվազն 10 %-ի չափը և ուսանողների վարձավճարների գոյացած բյուջեի 7 %-ը (այսինքն՝ նշված սահմանաչափերից ավելի համապատասխան կարգավիճակ ունեցող անձանց ԲՈՒՀ-ը կարող է մերժել զեղչի կիրառումը), և մյուս դեպքում՝ զեղչի կիրառման պայման է սահմանվել բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը: Ինչ վերաբերում է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած նախկին պարտադիր զինծառայողների զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության վերաբերյալ գրառման կատարմանը, ապա միայն նշված գրառման առկայությունն իրավունք չի տալիս նշված անձանց օգտվել ուսման զեղչի իրավունքից: Տվյալ պարագայում անհրաժեշտ է, որպեսզի վերը նշված օրենքի պահանջներին համաձայն գրառում կատարված լինի անձի կողմից մարտական հերթապահության մեջ ներգրավված լինելու մասին: Պարտադիր ժամկետային զինվորական գրքույկներում առկա են մարտական հերթապահության մեջ ներգրավված լինելու եւ մարտական գործողություններին մասնակցած լինելու վերաբերյալ գրառումներ կատարելու համար անհրաժեշտ էջեր: Մարտական հերթապահության մեջ ներգրավված լինելու մասին գրառումներն իրականացվում են ծառայության վայրի զորամասի հրամանատարի կողմից՝ ՀՀ կառավարության 03.07.2014թ. N712-Ն որոշման և ՀՀ պաշտպանության նախարարի 2014թ. հոկտեմբերի 17-ի N 1230 հրամանով սահմանված կարգով:

2. Ի՞նչ կարգով են առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում կամ տարկետում ստանում զինապարտները:

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքը կանոնակարգում է քաղաքացիներին առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը: Այն հիվանդությունների ցանկը, որոնց հիման վրա իրականացվում է նշված գործընթացը, սահմանված է ՀՀ պաշտպանության նախարարի 2013թ. ապրիլի 8-ի թիվ 410-Ն հրամանով հաստատված զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգով http://www.mil.am/files/hraman%20buj%2015.05.13.pdf: ՀՀ պաշտպանության նախարարի 2013թ. ապրիլի 8-ի թիվ 410-Ն հրամանը տեղադրված է mil.am կայքի գրադարանի «Օրենսդրություն» բաժնում: Քաղաքացիներին զորակոչային տեղամասերին կցագրելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու ժամանակ տարածքային զինկոմիսարիատները կազմակերպում և անցկացնում են նրանց համակողմանի ուսումնասիրություն՝ առողջական և ֆիզիկական զարգացման վիճակը գնահատելու համար: Ընդ որում` յուրաքանչյուր քաղաքացու առողջական վիճակը որոշվում է անհատական գնահատման կարգով: Այն դեպքերում, երբ զորակոչիկի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան զորակոչել, նա ներկայացվում է կենտրոնական բժշկական հանձնաժողով՝ վերջնական որոշում կայացնելու համար: Առանձին դեպքերում ախտորոշումը ճշտելու նպատակով կենտրոնական բժշկական հանձնաժողովը կարող է զորակոչիկին հսկողական հետազոտման ուղարկել զինվորական բուժհիմնարկ: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուն ժամանակավորապես խանգարող, բայց բուժման ենթակա հիվանդություններ ունեցող զորակոչիկներին հանրապետական զորակոչային հանձնաժողովը տալիս է տարկետում մինչև մեկ տարի ժամկետով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո, անկախ առողջական վիճակից, զորակոչիկները նորից ներկայացվում են կենտրոնական բժշկական հանձնաժողով: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուն խանգարող և անբուժելի հիվանդություններ կամ արատներ ունեցող զորակոչիկները հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից վերափորձաքննության ոչ ենթակա հոդվածներով խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս հաշվառվում են պահեստազորում կամ ճանաչվում են զինվորական ծառայության համար ոչ պիտանի՝ հանվելով զինհաշվառումից: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուն խանգարող և դժվար բուժվող հիվանդություններ ունեցող զորակոչիկներին հանրապետական զորակոչային հանձնաժողովն առողջական վիճակի պատճառով տալիս է տարկետում 3 տարի ժամկետով: Տարածքային զորակոչային հանձնաժողովի կողմից զինվորական ծառայության համար պիտանի ճանաչված զորակոչիկները հանրապետական հավաքակայանում անցնում են լրացուցիչ բժշկական հետազոտում: Եթե հանրապետական հավաքակայանում հայտնաբերվում են զորակոչիկների զինվորական ծառայությանը խանգարող հիվանդություններ, ապա նրանք հետ են վերադարձվում կրկնակի փորձաքննության: Բոլոր նման դեպքերի համար զինկոմիսարիատ է ուղարկվում ծառայողական նամակ՝ նշելով զորակոչիկի հետ ուղարկվելու պատճառը:

3. Ի՞նչ արտոնություններից են օգտվում զոհված զինծառայողների ընտանիքների անդամները:

Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին ՀՀ կառավարության 05.05.2011թ. թիվ 668-Ն որոշմամբ նշանակվում է ամենամսյա դրամական օգնություն 10.000 դրամի չափով /գազից, ջրամատակարարումից և տրանսպորտից օգտվելու համար/։ Զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների, հաշմանդամ դարձած զինծառայողների բուժսպասարկումը կանոնակարգված է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 33-րդ հոդվածներով։ Ղեկավարվելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 12-ի N 930-Ն որոշմամբ՝ հաշմանդամ դարձած զինծառայողներին նշանակվում է հաշմանդամության, իսկ զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին՝ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ։ Զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները օգտվում են եկամտահարկ վճարելու արտոնությունից, որը կարգավորվում է «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով։ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն, գույքահարկից ազատվում է՝ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված (մահացած), ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված անձանց (կամ ընտանիքի անդամներին) պատկանող գույքը՝ մինչև այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը։ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության 27.11.2000թ. թիվ 778 որոշման պահանջներից ելնելով, ՀՀ պաշտպանության նախարարի 04.03.2008թ. թիվ 255 հրամանով հաստատված կարգի համաձայն, զոհված (մահացած) անհայտ կորած զինածառայողների ընտանիքների անդամների և հաշմանդամ դարձած զինծառայողների դիմելու դեպքում, որպես սոցիալական աջակցություն տրվում է 5-10 հազար դրամ միանվագ դրամական օգնություն՝ ԶՍՊ վարչության պետի որոշմամբ, Վերը նշված որոշման և հրամանով հաստատված կարգի համաձայն, զոհված (մահացած) անհայտ կորած զինածառայողների ընտանիքների անդամների և հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների ամուսնության կամ ընտանիքի անդամի մահվան դեպքում տրվում է 100 հազար դրամ միանվագ դրամական օգնություն, իսկ առանձին դեպքերում՝ /դժբախտ պատահարների, կոմունալ ծառայությունների համար կուտակված պարտքի մարում, գերեզմանի բարեկարգում, ծննդյան(մահվան) տարեդարձ և այլն/ մինչև 100 հազար դրամի չափով՝ ՀՀ պաշտպանության նախարարի որոշմամբ, - հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների անդամների ստացիոնար բուժման մեջ գտնվելու դեպքում՝ 30.000 դրամի չափով միանվագ դրամական օգնություն։

4. Ի՞նչ ժամկետներում են բժշկական փորձաքննություն անցնում ՀՀ զինված ուժերից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակված եվ պահեստազորում հաշվառված անձինք։

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի 4 մասի պահանջների համաձայն, ՀՀ զինված ուժերից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակված և պահեստազորում հաշվառված անձինք հինգ տարին մեկ անգամ ենթակա են վերափորձաքննության: Մինչև 27 տարին լրանալը վերափորձաքննության արդյունքում պիտանի ճանաչվածները ենթակա են զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության` չծառայած ժամկետի մասով:

5. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության պահից մինչ այժմ քանի՞ անձի նկատմամբ է այն կիրառվել: Որքա՞ն գումար է գանձվել ՀՀ պետբյուջե:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության պահից մինչև 2012 թվականի մայիսի 31-ը քաղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովը դրական որոշումներ է կայացրել թվով` 6153 քաղաքացու վերաբերյալ և ՀՀ ՊՆ համապատասխան հաշվեհամարին է փոխանցվել մոտ 6 մլրդ ՀՀ դրամ:

6. Հիմնականում ի՞նչ հիմքով են քաղաքացիները դիմում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի ընձեռած հնարավորությունից օգտվելու համար (օրինակ` ունեն երկու երեխա կամ ձեռք են բերել այլ երկրի քաղաքացիություն)։

Վերոնշյալ ՀՀ օրենքը տարածվում է դրանով նախատեսված ժամանակահատվածում (ներկայումս` 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2012 թվականի նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածը) «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած քաղաքացիների վրա։

7. Ի՞նչ բաղադրատարրեր է պարունակում զինապարտությունը:

Քաղաքացիների զինապարտությունն ընդգրկում է`

  • Զինվորական հաշվառումը
  • Զինվորական ծառայության նախապատրաստությունը
  • Զորակոչը և զինվորական ծառայությունը
  • Պահեստազորում գտնվելը

8. Ի՞նչ պարտականություններ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները զինվորական հաշվառման եվ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացման գործընթացում:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները պարտավոր են մեկշաբաթյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել քաղաքացիական կացության ակտերում զինապարտների կողմից իրենց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը փոխելու, ինչպես նաև նրանց մահվան գրանցման մասին տվյալները:

9. Ի՞նչ պարտականություններ ունեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինները զինվորական հաշվառման և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացման գործընթացում:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինները պարտավոր են`  

  • զինապարտներին անձնագիր տալու կամ փոխանակելու (բացառությամբ արտերկրում գտնվող պահեստազորայինների), ըստ բնակության վայրի հաշվառելու կամ հաշվառումից հանելու գործողությունները կատարել նրանց զինվորական փաստաթղթերում համապատասխան զինվորական կոմիսարիատի կողմից զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների առկայության դեպքում: Նախազորակոչային տարիքի զինապարտների անձնագրերն օտարերկրյա պետություններում վավերական լինելու մասին նշումը կատարելմինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` արտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամանակով
  • զինվորական կոմիսարիատներին աջակցել զինապարտներին զորակոչելու, վարժական հավաքի կանչելու և հաշվառելու գործում

10. Ի՞նչ պարտականություններ ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական եվ հյուպատոսական մարմինները զինվորական հաշվառման եվ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացման գործընթացում:

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինները պարտավոր են`

  • Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատից ստացված իրազեկման հիման վրա իրենց հյուպատոսական տարածաշրջանում հյուպատոսական հաշվառման կանգնած զորակոչիկին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցել դիվանագիտական մարմին կամ հյուպատոսական հիմնարկներ կայանալու համար և ներկայացած անձանց ստորագրությամբ ծանուցագիր հանձնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու մասին
  • իրենց հյուպատոսական տարածաշրջանում հյուպատոսական հաշվառման կանգնած զինապարտի վերաբերյալ տվյալները երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին
  • իրենց իրավասությունների շրջանակում աջակցել նախազորակոչիկների և զորակոչիկների վերադարձին Հայաստանի Հանրապետություն:

11. Ի՞նչ ընդհանուր պարտականություններ ունեն Հայաստանի Հանրապետության պետական եվ տեղական ինքնակառավարման մարմինները զինվորական հաշվառման եվ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացման գործընթացում:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական-իրավական ձևից գործատու կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձինք պարտավոր են`

  • ժամանակին և սահմանված ձևով վարելզինապարտների գրանցամատյանը, զինվորական հաշվառման ենթակա անձանց ցուցակները ներկայացնել նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատներ, ինչպես նաև տրամադրել հաշվառումից հանվելու, աշխատանքի (ուսումնական հաստատություն) ընդունվելու, տեղափոխվելու, ազատվելու (հեռացվելու) վերաբերյալ տվյալները
  • համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտներին ծանուցել զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին
  • զինապարտներին ազատել աշխատանքից կամ արձակել ուսումից` զինվորական ծառայության կամ զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված անհրաժեշտ ժամանակով

12. Ի՞նչ պարտականություններ ունեն քաղաքացիները զինվորական հաշվառման եվ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացման գործընթացում:

Քաղաքացիները պարտավոր են զինվորական հաշվառման, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար ներկայանալ իրենց հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո բոլոր զորակոչիկները պարտավոր են ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նրանք հաշվառված են: Զինվորական ծառայությունից պահեստ արձակված քաղաքացիները պարտավոր են յոթն օրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ` զինվորական հաշվառման համար: Հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրը փոխելու դեպքում զինապարտները զինվորական հաշվառման կանգնելու համար պարտավոր են ներկայանալ համապատասխան զինվորական կոմիսարիատ` հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) նոր վայր ժամանելուց հետո` յոթն օրյա ժամկետում: Զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրած անձինք պարտավոր են պատժի կրումից ազատվելու պահից յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ: Զինապարտներն իրենց առողջական վիճակի, ընտանեկան դրության, հաշվառման (հաշվառում չունեցողները՝փաստացի բնակության) վայրի, կրթության, աշխատավայրի և պաշտոնի փոփոխությունների մասին պարտավոր են յոթնօրյա ժամկետում հայտնել հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ:

13. Ո՞ր մարմիններն են իրականացնում զինվորական հաշվառման գործընթացը:

Զինապարտների զինվորական հաշվառումը կատարում են նրանց բնակության վայրի զինվորական կոմիսարիատները: Արտասահմանում բնակվող (մեկ ամսից ավելի) զինապարտների զինվորական հաշվառումը կատարում են դիվանագիտական և հյուպատոսական մարմինները: Աշխատող և սովորող զինապարտների զինվորական հաշվառումը կատարվում է նաև ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում: Նախազորակոչիկների զինվորական հաշվառումը համարվում է կցագրում: Կցագրման ենթակա են 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիները: Կցագրումը կատարում են զինվորական կոմիսարիատների հանձնաժողովները` ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին:

14. Պարտադիր զինվորական ծառայության 2 տարների ընթացքում զինվորը (շարքային) քանի՞ օր ունի արձակուրդի հնարավորություն:

«Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի կոչում ունեցող զինծառայողներին հիմնական արձակուրդ տրվումէ 10 օր, իսկ կրտսեր ենթասպայական կազմի կոչում ունեցող զինծառայողներին 15 օր տևողությամբ: Պարտադիր զինծառայողներին լրացուցիչ արձակուրդ տրվում է հրամանատարի (պետի) որոշմամբ մինչև 5 օր տևողությամբ:

15. Ի՞նչ նպատակ է հետապնդում զինվորական հաշվառումը եվ ովքե՞ր են ենթակա զինվորական հաշվառման:

Զինվորական հաշվառման նպատակը խաղաղ և պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասնակցության ապահովումն է: Զինվորական հաշվառման են ենթակա նախազորակոչիկները (16-18 տարեկան), զորակոչիկները (18-27 տարեկան) ևպահեստազորում գտնվող քաղաքացիները: Զինվորական հաշվառման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության 27.05.2010թ. N 657-Ն որոշմամբ:

16. Ի՞նչ է զինապարտությունը եվ ովքե՞ր են համարվում զինապարտներ:

Զինապարտությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու` քաղաքացիների սահմանադրական պարտականությունն է: Զինապարտներ են համարվում նախազորակոչային, զորակոչային տարիքի և պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաև զինվորական մասնագիտություն ունեցող կամ զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները:

17. Ի՞նչ պարտականություններ ունեն Հայաստանի Հանրապետության հետաքննության եվ նախաքննության մարմինները եվ քրեակատարողական հիմնարկները զինվորական հաշվառման եվ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացման գործընթացում:

Հետաքննության և նախաքննության մարմինները պարտավոր են մեկշաբաթյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել այն զորակոչիկների մասին, որոնց մեղադրանք է առաջադրվել, իսկ դատարանները` նշված անձանց վերաբերյալ` օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և վերջնական որոշումների մասին: Ազատազրկման կամ կալանքի դատապարտված զորակոչիկների հաշվառման վկայականները, զինծառայողների զինվորական գրքույկներն ու դատավճռի պատճենները դատարաններն ուղարկում են համապատասխան զինվորական կոմիսարիատ` դատավճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում: Քրեակատարողական հիմնարկները պարտավոր են ազատազրկման դատապարտված կամ ազատազրկման վայրից արձակված զինապարտների մասին մեկշաբաթյա ժամկետում հայտնել նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատներ:

18. Ովքե՞ր են ենթակա պարտադիր զինվորական ծառայության զորակոչի։

Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան արական սեռի զորակոչիկները և մինչև 35 տարեկան առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի` խաղաղ պայմաններում («Զինապարտության մասին» ՀՀ օրենք, հոդված 11, մաս 1-ին)։

19. Ովքե՞ր ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի։

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չեն այն անձինք, որոնց նկատմամբ կատարվում է հետաքննություն (նախաքննություն, դատաքննություն) կամ ովքեր նախկինում դատապարտվել են ազատազրկման` ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար և ազատազրկման վայրում պատիժը կրել են 3 տարուց ոչ պակաս, ինչպես նաև, եթե կատարել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության դատախազության հաստատած ցանկում նշված հանցագործություն: Կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են կանչվում մինչև 27 տարեկան դառնալը («Զինապարտության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 11 և 14)։

20. Օրենքով ի՞նչ հիմքեր են սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար։

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է`

  • հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հանվելով զինվորական հաշվառումից, կամ խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հաշվառելով պահեստազորում
  • այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է
  • քաղաքացին` կառավարության որոշմամբ.
  • մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն օտարերկրյա պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացին
  • գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին, եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ («Զինապարտության մասին» ՀՀ օրենք, հոդված 12)։

21. Ինչպե՞ս են կարգավորվում երքաղաքացիների պարտադիր զինվորական ծառայություն անցնելու եվ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հետ կապված հարաբերությունները։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների: Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե՝ ոչ: Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից և վարժական հավաքից («Զինապարտության մասին» ՀՀ օրենք, հոդված 31)։

22. Օրենքով ի՞նչ հիմքեր են նախատեսված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար։

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն սահմանված են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով, ուսումը շարունակելու համար, առողջական վիճակի պատճառով և այլ հիմքերով տարկետում ստանալու իրավունք («Զինապարտության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 13, 14, 15 և 16)։

23. Օրենքով ի՞նչ հիմքեր են նախատեսված սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու վերաբերյալ։

Օրենքով սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքով հնարավորություն է տրվում կատարել սահմանված վճարումները և արդյունքում՝ տարկետում ստանալ պարտադիր զինվորական ծառայությունից մինչև քաղաքացու 27 տարեկան դառնալը («Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենք)։

24. Ովքե՞ր կարող են օգտվել սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության համար վճարում կատարելու եվ տարկետում ստանալու իրավունքից։

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա («Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի հոդված 1)։

25. Ովքե՞ր չեն կարող օգտվել սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության համար վճարում կատարելու եվ տարկետում ստանալու իրավունքից։

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողությունը չի տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն (01.03.2004) օրենքով սահմանված կարգով զինվորական հաշվառումից հանված կամ արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճված կամ նույն հիմքով քրեական գործի հարուցումը մերժված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա («Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի հոդված 1)։

26. Պարտադիր վճարների ինչպիսի՞ դրույքաչափեր են նախատեսված սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար։

Պարտադիր դրույքաչափերը սահմանված են նվազագույն աշխատավարձի 0-ից մինչև 200-պատիկի չափով՝ պայմանավորված քաղաքացու ընտանեկան դրության, առողջական վիճակի, գիտական աստիճան ունենալու և այլ հանգամանքներից: Օրինակ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած զինապարտ քաղաքացիները, ովքեր զինվորական ծառայության չներկայանալու ընթացքում ձեռք չեն բերել օրենքով սահմանված տարկետման իրավունք կարող են պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած՝ յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի դիմաց մուծել նվազագույն աշատավարձի 100-պատիկի չափով վճար (100.000 ՀՀ դրամ): Իսկ, օրինակ, պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում 3 ու ավելի երեխա կամ առանց մոր մեծացող 2 երեխա ունեցողների (անկախ 27 տարին լրանալու հանգամանքից) համար վճար նախատեսված չէ («Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի հոդված 2)։

27. Օրենքով ինչպիսի՞ ընթացակարգ է նախատեսված սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների կողմից համապատասխան գործընթացը սկսելու համար։

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է: Դիմումին կից ներկայացվում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը: Օտարերկրյա պետություններում գտնվող պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության, հյուպատոսական հիմնարկի կամ լիազորված անձի միջոցով: Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումը սահմանված կարգով գրանցվելուց հետո փոխանցվում է համապատասխան մարմիններին: Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումի հետ կապված փոստային առաքումների ծառայության վճարները, համապատասխան մարմինների ներկայացմամբ, կատարում է դիմումատուն («Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի հոդված 3)։

28. Օրենքով ինչպիսի՞ ընթացակարգ է նախատեսված սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների ներկայացրած դիմումի քննարկման եվ քաղաքացուն պատասխանելու վերաբերյալ։

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումը քննարկվում է, և քաղաքացուն պատասխանը տրվում է մեկ ամսվա ընթացքում: Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումները քննարկվում են, և քաղաքացուն պատասխանը տրվում է երկու ամսից ոչ ուշ: Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումը քննարկում է ՀՀ կառավարության 04.03.2004թ. N 264-Ն որոշմամբ ստեղծված սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովը: Դիմումի պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք ունի պատասխանն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում դա բողոքարկել դատարան` օրենքով սահմանված կարգով: («Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի հոդված 4)

29. Ո՞ւմ պետք է դիմի սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին։

Քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է: Օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ` դիվանագիտական մարմին), որը սահմանված կարգով գրանցում է դիմումը և ուղարկում համապատասխան զինվորական կոմիսարիատ: Զինվորական կոմիսարիատը քաղաքացու ներկայացրած կամ դիվանագիտական մարմնի կողմից ուղարկված դիմումն ու կից փաստաթղթերն ստանալուց հետո եռօրյա ժամկետում գրանցում է դրանք և քաղաքացու անձնական գործի հետ միասին ներկայացնում միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: Եթե քաղաքացու անձնական գործը գտնվում է դատախազությունում, ապա ներկայացման ժամանակ նշվում է դրա մասին (ՀՀ կառավարության 04.03.2004թ. N 264-Ն որոշման հավելված 2-ի կետեր 2 և 4)։

30. Ի՞նչ պահանջներ են ներկայացված եվ ի՞նչ տեղեկություններ պետք է պարունակի սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումը։

Քաղաքացու դիմումը պետք է լինի ստորագրված, նշվի ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և ներառի քաղաքացու մասին հետևյալ տեղեկությունները` 

  • ազգանունը, անունը և հայրանունը
  • քաղաքացիությունը
  • Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում բնակության (հաշվառման) վայրը
  • պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու ժամանակահատվածը և պատճառները

Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

  • ծննդյան վկայականի և անձնագրի պատճենները
  • բնակության (հաշվառման) վայրի մասին տեղեկանք
  • ընտանիքի կազմի մասին տեղեկանք
  • պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու իրավունք տվող հիմքերը: Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումների դեպքում հանրապետական և միջգերատեսչական հանձնաժողովները կարող են պահանջել այլ անհրաժեշտ փաստաթղթեր (ՀՀ կառավարության 04.03.2004թ. N 264-Ն որոշման հավելված 2-ի կետ 3)։

31. Ի՞նչ կարգով եվ ժամկետում է միգերատեսչական հանձնաժողովը քննարկում սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումը։

Միջգերատեսչական հանձնաժողովն ստացված դիմումները քննարկում է 15-օրյա ժամկետում: Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումները քննարկվում են մեկ ամսվա ընթացքում: Եթե դիմում ներկայացրած քաղաքացու անձնական գործը գտնվում է դատախազությունում, ապա միջգերատեսչական հանձնաժողովը պահանջում է այն: Միջգերատեսչական հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի ձևով: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Քաղաքացու դիմումի քննարկման արդյունքում որոշումն ընդունվում է նիստին ներկա` հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ի դեպքում: Ընդունված որոշումը և մյուս փաստաթղթերը եռօրյա ժամկետում ներկայացվում են հանրապետական հանձնաժողով: Հանրապետական հանձնաժողովը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված փաստաթղթերը: Հանրապետական հանձնաժողովը միջգերատեսչական հանձնաժողովի ընդունած որոշմանը չհամաձայնելու դեպքում գործն ուղարկում է լրացուցիչ քննարկման: Քաղաքացու դիմումը քննարկելու և դրան պատասխանելու ժամկետը չի կարող գերազանցել 2 ամիսը (ՀՀ կառավարության 04.03.2004թ. N 264-Ն որոշման հավելված 2-ի կետ 6)։

32. Ի՞նչ որոշումներ է կայացնում միգերատեսչական հանձնաժողովը եվ որտե՞ղ պետք է վճարել սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու պարտադիր դրույքաչափերը։

Քաղաքացու դիմումի վերաբերյալ բացասական որոշում ընդունվելու դեպքում դիմումատուին ուղարկվում է պատասխան գրություն, որում նշվում են դիմումի մերժման հիմքերը: Քաղաքացու դիմումի վերաբերյալ դրական որոշում ընդունվելու դեպքում դիմումատուին ուղարկվում է պատասխան գրություն, որում նշվում են օրենքով սահմանված վճարը մուծելու համար բանկային հաշվի համարը և վճարը մուծելու վերջնական ժամկետը: Պատասխան գրությունում նշված ժամկետում վճարը չմուծելու դեպքում վճարը չի ընդունվում: Քաղաքացին սահմանված ժամկետում վճարի մուծումը հավաստող անդորրագիրը ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողով (ՀՀ կառավարության 04.03.2004թ. N 264-Ն որոշման հավելված 2-ի կետ 7)։

33. Օրենքով սահմանված գումարը վճարելը ի՞նչ իրավական հետեվանքներ է առաջացնում քաղաքացու համար։

Օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերած քաղաքացուն, սույն օրենքով սահմանված վճարը մուծելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, տրվում է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ինչպես նաև նա ստանում է զինվորական գրքույկ և հաշվառվում է պահեստազորում: Տարածքի դատախազը սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը մեկշաբաթյա ժամկետում ուղարկում է համապատասխան զինկոմիսարիատ («Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի հոդված 6), (ՀՀ կառավարության 04.03.2004թ. N 264-Ն որոշման հավելված 4-ի կետ 3)։

34. Հետաքրքիր է, արձանագրվե՞լ են արդյոք դեպքեր, երբ ՀՀ քաղաքացին վերադարձել է արտերկրից` ՀՀ զինված ուժերում պարտադիր զինծառայություն անցնելու նպատակով. քանի՞ նման դեպք է արձանագրվել:

Արտերկրում բնակվող և ՀՀ քաղաքացի հանդիսացող զինապարտ շատ երիտասարդներ վերադառնում են հայրենիք և ծառայում են Հայոց բանակում: Միայն 2011 թվականին արտերկրից վերադարձել և ՀՀ զինված ուժեր են զորակոչվել նախկինում զինվորական հաշվառման մեջ չգտնվող և հերթական զորակոչերից խուսափած թվով 225 մարդ, որոնցից 181-ը` Ռուսաստանի Դաշնությունից, 44-ը` այլ երկրներից:

35. Տղաս ոչ մի կերպ չի համակերպվում իր զորամասի հետ, եվ նրա կարծիքով միակ լուծումը զորամասը փոխելն է: Հնարավո՞ր է արդյոք փոխել զորամասը, եվ դրա համար ի՞նչ է պետք: Խնդրում եմ ներկայացնել խնդրի լուծման օրենսդրական հիմնավորումները:

Շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողների ծառայության վայրի տեղափոխումը /փոխադրումը/ ծառայության այլ վայր իրականացվում է «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով և «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում և կարգով: Վերը նշված ակտերի շրջանակներում զինծառայողի` ծառայության համապատասխան վայրում ծառայության պայմաններին չհամակերպվելը հիմք չի հանդիսանում նրան ծառայության նոր վայր տեղափոխելու համար:

36. Քրոջս տղան 8 տարեկանից ծնողների հետ գտնվում է արտասահմանում և այնտեղի գրանցում ունի (Հայաստանի գրանցում չունի): Այժմ 22 տարեկան է, ցանկանում է գալ Հայաստան: Հետաքրքիր է իմանալ, եթե իր քաղաքացիական անձնագրով գա Հայաստան, զինծառայության հետ կապված խնդիրներ կունենա՞, թե՝ ոչ:

ՀՀ քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման, ինչպես նաև երկքաղաքացիության իրավական ռեժիմի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով, որի պահանջների համաձայն անչափահաս անձանց քաղաքացիությունը որոշվում է նրանց ծնողների քաղաքացիությամբ: Ընդ որում, օրենքը սահմանում է, որ ՀՀ քաղաքացիներ են ճանաչվում նաև այն անձինք, ովքեր 1995թ. հունվարի 1-ից հետո առանց սահմանված կարգով ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ձեռք են բերել այլ պետության քաղաքացիություն: Նշված անձինք Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում են որպես ի սկզբանե ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք, իսկ որպես այդպիսին` ՀՀ զինապարտ և ենթակա պարտադիր զինվորական ծառայության` «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն:

37. Լսել եմ, որ հնարավոր է 2 տարվա ընթացքում ամսական օրինական վճար կատարել բանակում ծառայելու դիմաց, եվ այդ դեպքում չծառայելը օրինական կհամարվի: Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը:

ՀՀ քաղաքացիների զինապարտությունը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված չէ դրամական հատուցման դիմաց պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու հնարավորություն:

38. Ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ամուսնուցս բաժանված եմ: 18 տարեկան որդիս այս տարի պետք է գնա բանակ: Խնդրում եմ ասել` լինելով հաշմանդամի որդի, տղաս ի՞նչ արտոնություններ կարող է ունենալ:

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում տրամադրելու հիմք է հանդիսանում նաև զինակոչիկի անաշխատունակ հայր և մայր ունենալը` եթե նրանք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ: Միևնույն ժամանակ, նույն օրենքը որպես անաշխատունակ ծնողներ ճանաչում է նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հորը և մորը: Երրորդ կարգի հաշմանդամ ծնող ունենալու հիմքով որդին չի օգտվում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված հիմքով տարկետման իրավունքից, սակայն նույն օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` միայնակ, երրորդ կարգի հաշմանդամ ծնող ունենալու հիմքով օգտվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող (մինչև 150 կմ տեղակայված) զորամասում ծառայելու արտոնությունից:

39. Զոհված ազատամարտիկի կին եմ, աղջկաս ամուսնացրել եմ երկու տարի առաջ, սակայն տեղյակ չեմ եղել, որ 2000 թվականին հաստատված որոշում կա, որի հիման վրա զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամները ամուսնության ժամանակ կարող են հարյուր հազար դրամ միանվագ գումար ստանալ: Իրավունք ունե՞մ հիմա դիմել Պաշտպանության նախարարությանը, եվ դրա համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

ՀՀ կառավարության 27.11.2000թ. թիվ 778 որոշման պահանջներից ելնելով, ՀՀ պաշտպանության նախարարի 04.03.2008թ. թիվ 255 հրամանով հաստատված կարգի համաձայն, զոհված (մահացած), անհայտ կորած զինածառայողների երեխաների ամուսնության կամ ընտանիքի անդամի մահվան դեպքում տրվում է 100,000 դրամ միանվագ օգնություն, իսկ վճարումը կատարվում է նույն հրամանով հաստատված անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: Ինչ վերաբերում է նախկինում գրանցված ամուսնության կապակցությամբ դրամական օգնություն ստանալուն, ապա, համաձայն վերը նշված որոշման և հրամանով հաստատված կարգի, ամուսնության կամ մահվան դեպքում նախատեսված դրամական օգնության գումարը տրվում է տվյալ տարվա ընթացքում տեղի ունեցած ամուսնությունների կամ մահվան դեպքում, քաղաքացու դիմումի համաձայն:

40. Տեղյակ եմ, որ երկու երեխա ունեցող ծնողը, ըստ օրենքի, չի զորակոչվում բանակ: Իսկ եթե երկրորդ երեխան ծնվում է հոր բանակում եղած ժամանակ, նրան զորացրո՞ւմ են, թե՝ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում:

Հարցը կարգավորվում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով, որի 2-րդ մասի պահանջների համաձայն` այն զինծառայողները, ովքեր պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ձեռք են բերում նույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ընտանեկան դրության բերումով տարկետման իրավունք, վաղաժամկետ արձակվում են ՀՀ զինված ուժերից` 1-ամսյա ժամկետում: